Լրահոս
Միջազգային
18:35
05.04.26
923

ԱՄՆ-ն և Իրանը կարող են հաշտության համաձայնագիր կնքել արդեն վաղը․ Թրամփ

Img default alt hy

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագիր կնքել արդեն երկուշաբթի օրը։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախագահն ասաց, որ կարծում է՝ կկարողանա գործարք կնքել մինչև վաղը։ Լավ շանսեր կան դա անելու մինչև հաջորդ օրը, նրանք (կողմերը) հիմա բանակցություններ են վարում»,- Fox News-ի եթերում նախագահի հետ իր զրույցն է վերապատմել հեռուստաալիքի լրագրող Թրեյ Յինգստը։

Թղթակիցը նաև նշել է, որ, ամերիկյան առաջնորդի խոսքով, եթե Թեհրանը չգնա գործարքի, ապա ԱՄՆ նախագահը մտադիր է վերահսկողություն հաստատել իրանական նավթի նկատմամբ։ «Եթե նրանք գործարք չկնքեն, ապա ես դիտարկում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթը վերցնելու տարբերակը»,- մեջբերել է լրագրողը ամերիկյան առաջնորդի խոսքերը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելը։ Հարվածների ենթարկվեցին նաև ԱՄՆ ռազմական օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։

Իրանի իշխանությունները նաև որոշում կայացրեցին փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք սատարել են Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիան։ Հակամարտության ընթացքում մի շարք տանկերներ հարձակման են ենթարկվել՝ առանց Թեհրանի թույլտվության նեղուցով անցնելու համար։ Մարտի 25-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արագչին հայտնեց, որ Իրանը թույլատրել է Հորմուզի նեղուցով անցումը բարեկամ երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի։