Լրահոս
Միջազգային
17:45
18.09.25
70

Էստոնիայի կառավարությունը լիովին արգելել է Ռուսաստանից բնական գազի գնումն ու ներմուծումը

Img default alt hy

Էստոնիայի կառավարությունը սեպտեմբերի 18-ին կայացած նիստում որոշում է ընդունել լիակատար արգելք սահմանել Ռուսաստանից բնական գազի գնման ու ներմուծման համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս»  գործակալությունից:

«Ներկայում Ռուսաստանից հեղուկացված բնական գազի գնումն ու ներմուծումը թույլատրված է այն պայմանով, որ այն չօգտագործվի բաշխիչ ցանցում։ Ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո արգելքը կտարածվի նաև բաշխիչ ցանցից դուրս ներմուծվող հեղուկացված բնական գազի վրա», - պարզաբանել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։

Արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից, ինչը շուկայի մասնակիցներին անհրաժեշտ ժամանակ կտրամադրի փոփոխություններին ծանոթանալու և իրենց գործունեության վերափոխման համար։

Արտգործնախարարի խոսքով՝ «հաշվի առնելով Բելառուսի աջակցությունը Ռուսաստանի գործողություններին, նմանօրինակ արգելքներ կտարածվեն նաև Բելառուսի վրա»։

Էստոնիան ռուսական գազից հրաժարվելու մասին որոշում է ընդունել դեռ 2022 թ. ապրիլին։ Քանի որ ներմուծման ծավալները մեծ չեն, սահմանափակում մտցնելն էական ազդեցություն չի ունենա Էստոնիայի տնտեսության և գործարար միջավայրի վրա, նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։