Լրահոս
Հասարակական
19:45
06.09.25
402

Մեքենան կոտրելուց հետո Արցախի պետնախարարից գումար են պահանջել՝ հայելիները վերադարձնելու համար․ «Փաստինֆո»

Img default alt hy

Այսօր հայտնի դարձավ, որ գիշերը կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան՝ պատճառելով գույքային վնաս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Իսկանդարյանը ասաց, որ կոտրել և տարել են մեքենայի կողային հայելիները, իսկ հետո նրա հետ կապի են դուրս եկել ու գումար պահանջել՝ դրանք վերադարձնելու համար։

«Telegram-ով գրում են, ասում՝ ոչ ոստիկանությունը, ոչ էլ ԱԱԾ-ն չի կարող օգնել, բայց անկեղծ ասած՝ հարցեր կան։ Կամերաներով նայել են, ասում են՝ մի հոգի է եղել, դիմակով։ Ես չեմ տեսել, բայց իմ մեքենայի կողքին թանկարժեք շատ մեքենաներ են եղել։ Հարցեր են առաջանում՝ ինչու են միայն իմ մեքենան վնասել, այն էլ հանրահավաքից մի քանի օր անց»,– նշել է պետնախարարը։

Նրա փոխանցմամբ՝ անցած հանրահավաքից հետո ևս քրեական գործեր էին հարուցվել, որոնք սառեցվել էին, իսկ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի հաջորդ օրը իրեն հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել։ «Դրան հաջորդել է այս հարձակումը մեքենայիս վրա... զուգադիպությո՞ւն է։ Հարցեր են, որոնց պետք է պատասխան գտնել։ Ամեն դեպքում ես էլ չգիտեմ։ Իրականում չեմ բացառում, որ սա կարող է զուգադիպություն լինել, բայց եթե ինձ եք հարցնում, վստահ եմ, որ այդպես չէ։ Բացի այդ, ոչ միայն ես եմ հետապնդվում, այլև ընկերներիս նկատմամբ են գործեր հարուցվում։ Աշխատանքի տեսչությունից վարույթ է նախաձեռնվել, ամսի 12-ին լսումներ են լինելու։ Ամեն դեպքում կարծում եմ, որ հարցեր կան, որոնց ոստիկանությունն ու իրավապահները պիտի պատասխանեն»,-ասել է Իսկանդարյանը։