Լրահոս
Միջազգային
12:00
16.09.25
141

Իրանը և 5 երկրներ ԱԷՄԳ-ին են ներկայացրել բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին

Img default alt hy

Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ համատեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր խորհրդաժողովի 69-րդ նստաշրջանում ներկայացրել է բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի  ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ  ներկայացրել է բանաձևի նախագիծ «ԱԷՄԳ-ի Համապարփակ երաշխիքների համաձայնագրում ընդգրկված միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումների բոլոր ձևերի և հարձակումների սպառնալիքների արգելման մասին», - գրել է Բաղային X սոցիալական ցանցի իր էջում:

Գրառմանը նա կցել է համապատասխան բանաձևի նախագիծը, ըստ որի բոլոր երկրներն ունեն «խաղաղ նպատակներով միջուկային էներգիա մշակելու անքակտելի իրավունք» և «իրավունք ունեն արդյունավետ երաշխիքներ ունենալ ցանկացած հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեմ»։