Լրահոս
Միջազգային
16:45
12.02.24
78

Մեծ Բրիտանիան հաղորդել է Եմենի ափերի մոտ առևտրային նավի վրա հրթիռային հարձակման մասին

Img default alt hy

Կարմիր ծովում՝ Ալ Մուխա քաղաքից 40 ծովային մղոն հարավ, առևտրային նավ է հարձակման ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (United Kingdom Maritime Trade Operations, UKMTO)։

Ըստ կապիտանի՝ նավի վրա երկու հրթիռ է արձակվել։ Անձնակազմը չի տուժել, նավը շարժվում է դեպի նավահանգիստ։

Համակարգման կենտրոնում նավերին խորհուրդ են տվել զգույշ լինել այդ շրջանում նավարկելիս և հորդորել են UKMTO-ին տեղեկացնել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:

Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից ի վեր եմենյան «Անսար Ալլահ» հութիների խռովարար շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չի տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում Իսրայելի ռազմական գործողությունները չդադարեն։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը մի քանի անգամ հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին՝ ի պատասխան առևտրային նավերի վրա նրանց հարձակումների, սակայն այդ հարձակումները չեն դադարել։