Լրահոս
Հայաստան
21:30
29.05.24
178

ՀՀ ինքնիշխանության համար մի քանի երկրներից եկող uպառնալիքներ կան․ ՀՀ արտաքին հետախուզության պետ

Img default alt hy

ՀՀ ինքնիշխանության, սուվերենության համար կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնք գալիս են մի քանի երկրներից։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։

«Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հեռախուզական տեղեկությունները, որը ծառայությունը պետք է հավաքի, և դրանք ուղղված են հանրապետության արտաքին վտանգները, որոնք գալիս են տարբեր երկրներից և գալիս են տարբեր երևույթներից»,- նշել է նա։

Գրիգորյանը հավելեց, որ բոլոր երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերներն ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին դերակատարներ, և Հայաստանը բացառություն չէ։

Իսկ թե ինչու մինչ այսօր ՀՀ իրավապահ համակարգը «ներքին դերակատարների» վերաբերյալ որևէ բացահայտում չի արել, Գրիգորյանի խոսքով՝ բացահայտումներ լինում են։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Ադրբեջանից հարձակման վտանգ կա՞, Գրիգորյանի խոսքով՝ միշտ կա, քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել։

«Վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց և չպետք է դրանք գերագնահատել և որոշակի հետևությունների գալ։ Մենք պատշաճ կերպով օրական կտրվածքով գնահատում ենք այդ ռիսկերն ու տեղեկացնում վարչապետին»,- ասաց նա։