Լրահոս
Հասարակական
17:05
09.06.26
293

Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք»

Img default alt hy

Արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի նշան։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն տեղեկություններ չհայտնեց նրա առողջական վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ բժշկական գաղտնիք է։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը: 

Մինչ այդ միջադեպը, Արթուր Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր, եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք` «բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

2026թ․ մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):