Լրահոս
Հասարակական
16:15
14.05.26
420

Ակցիզային դրոշմապիտակներ. ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը. «Հետք»

Img default alt hy

Այսօր հայկական շուկայում մի շարք ալկոհոլային խմիչքներ ունեն ակցիզային դրոշմապիտակներ։ Մինչդեռ Կառավարությունը դեռևս 2023 թվականին որոշել էր, որ նույն տարվա հոկտեմբերի կեսից ալկոհոլային խմիչքները Հայաստանում պետք է ենթարկվեն ոչ թե ակցիզային դրոշմավորման, այլ նույնականացման միջոցներով դրոշմավորման՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագրով կամ, ինչպես ավելի հայտնի է, QR կոդերով։ Դատա մատրիքսը հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ: յս մասին գրում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ պետությունն առնվազն 2020 թվականից հայտարարել է ակցիզային դրոշմապիտակներից հրաժարվելու և թվային դրոշմավորմանը անցնելու մասին։ Քննարկումներ կային նաև մինչև այդ։ Նախկինում պետությունը ինքն էր մասնավոր ընկերությունից գնում ակցիզային դրոշմապիտակները և անվճար տալիս արտադրողներին ու մյուս տնտեսվարողներին։

Իսկ թվային կոդերի պարագայում տնտեսվարողն ինքն է վճարում դրանց համար։ Այս համակարգը ներդրվում է փուլային տարբերակով՝ սկսած 2023 թվականից, 2026-ի հունվարի դրությամբ արդեն մեծ ծավալի ապրանքներ ենթակա են թվային դրոշմավորման։ 

Թվային կոդերով դրոշմավորման անցնելը ԵԱՏՄ պահանջ է (ապրանքների նույնականացման միասնական համակարգն է), ինչպես նաև նպատակ ունի կրճատել ստվերը, ապահովել թվային հետագծելիությունը։ Դա այն մոդելն է, երբ, օրինակ, ալկոհոլային խմիչքի դեպքում, յուրաքանչյուր շիշ ստանում է ծածկագիր, այն փակցվում է շշի վրա (այն պիտակը, որը նման է QR կոդի), իսկ պետությունը կարողանում է տեսնել ապրանքի ճանապարհը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վաճառք։

Սակայն, այս նոր համակարգի ներդրումը Հայաստանում հարթ չի ընթանում։ 

Հայաստանում ներկայում Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողների վաճառում «Ի-Մարկ» ՍՊԸ-ն։ Նախկինում պետությունը բավականին մեծ ծավալի ակցիզային դրոշմապիտակներ է գնել «Էյէմփիջի գրուպ» ՍՊԸ-ից։ 

Այս որոշումից հետո՝ տևական ժամանակ, ալկոհոլային խմիչքների վրա արդեն թվային դրոշմապիտակներ էին։ Սակայն, շուկայում, ամենայն հավանականությամբ, այս տարվա հունվարից (մենք նկատել ենք հունվարից) արդեն հայտնվել են խմիչքներ, որոնց վրա ոչ թե թվային դրոշմապիտակներ են, այլ ակցիզային։ 

Պարզվում է՝ շուկայում ակցիզային դրոշմապիտակներով ալկոհոլային խմիչքների հայտնվելուց հետո է միայն Կառավարությունը ընդունել որոշում (2026 թվականի մարտի 19-ին), ըստ որի՝ եթե այդ ապրանքների համար մինչև 2026 թվականի մարտի 27-ը ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտեր են ներկայացվում և ստացվում են դրանք, ապա այդ ապրանքները կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն, այսինքն՝ չդրոշմավորվեն թվային ծածկագրով։ Ստացվում է, որ միայն մարտի 20-27-ն է հնարավորություն տրվել տնտեսվարողներին ակցիզային դրոշմապիտակներ ձեռք բերել։ 

Խնդիրն այն է, որ այս որոշումից առաջ էլ արդեն կային ակցիզային դրոշմապիտակներ։ Այսինքն՝ նախ դրանք տրամադրվել են, հետո Կառավարության որոշում է ընդունվել։ Դրանց անհրաժեշտության բացատրությունը դեռևս չկա։ Բացի այդ, հայտնի չէ, թե ՊԵԿ-ը նոր ակցիզային դրոշմապիտակնե՞ր է գնել ու տրամադրել, թե՞ պահուստային քանակ ունի։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում: